հետ

«Լիդիան Արմենիա» ընկերությունը 100 հազար ԱՄՆ դոլար է ներդրել Վայքի հիվանդանոցի վերանորոգման և տեխնիկական վերազինման համար

«Լիդիան Արմենիան» հատուկ հոգածություն ունի առողջության և անվտանգության մշակույթի հանդեպ: Մինչ Ամուլսարի հանքի շահագործումը նախաձեռնվել էր Վայք քաղաքի հիվանդանոցի վերազինումը, քանի որ այն ընկերության աշխատակիցների առաջին շտապ բուժօգնության համար ամենահարմար բժշկական հաստատությունն է։ Չնայած Ամուլսարի աշխատանքային ճամբարի տարածքում ընկերությունն ունի արագ արձագանքման պայմաններին հարմարեցված առաջնային օգնության բուժկետեր, առողջության և անվտանգության միջազգային չափանիշների անհրաժեշտ պահանջներից է՝ մոտակայքում հատուկ պայմաններով ապահովված հիվանդանոցի առկայությունը։ Վայքի բուժհաստատության հետ համագործակցության հաստատումից ի վեր Լիդիան Արմենիա ընկերությունը Վայքի հիվանդանոցի պայմանների բարելավման համար ներդրել է 100 հազար ԱՄՆ դոլար։

Դեկտեմբերի 13-ին Վայքի բուժհաստատությունում  բացվեց Լիդիանի աջակցությամբ  վերանորոգված և տեխնիկայով վերազինված նոր վիրահատարանը, ինչպես նաև հիվանդանոցային պահանջներին հարմարեցված վերելակը: Մինչ Լիդիանի կողմից վերելակի տեղադրումը հիվանդանոցում հիվանդներին վիրահատարան էին բարձրացնում ոտքով:

Միջոցառմանը ներկա էին «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները, Վայքի բուժհաստատության անձնակազմը, գլխավոր բժիշկ Ռոբերտ Ասլանյանը, Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Վայքի քաղաքապետ Թարո Ավետյանը:

Բացի բժշկական տեխնիկայի, սարքավորումների ու անհրաժեշտ հիվանդանոցային պայմանների ապահովումից, Վայքի հիվանդանոցի բուժանձնակազմը, Լիդիանի ֆինանսավորմամբ, պարբերաբար կանցնի վերապատրաստման դասընթացներ։ Առաջիկայում Երևանում մասնագիտական վերապատրաստում են անցնելու հիվանդանոցի 4 մասնագետներ՝ նյարդաբան, վիրաբույժ-օրթոպեդ, բժիշկ-լաբորանտ, լապարոսկոպիկ վիրաբույժ, 2,5-7 ամիս ժամկետով՝ մասնագիտական հմտությունների կատարելագործման և նոր  կարողությունների ձեռքբերման նպատակով։

Լիդիան Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ծանոթանալով հիվանդանոցի նոր պայմաններին, ընդգծեց նման ներդրումների կարևորությունը:

«Լիդիանի համար հատուկ կարևորություն ունեն այն ներդրումները, որոնք միաժամանակ ծառայելու են թե՛ Ամուլսարի հանքավայրի կարիքներին, թե՛ նաև նպաստելու են շրջակա համայնքների կենսապայմանների բարելավմանը: Լիդիանը ակնկալում է Վայքի հիվանդանոցի հետ ունենալ շարունակական համագործակցություն: Այս վերազինված բուժհաստատությունից օգտվելու են ոչ միայն Ամուլսարի աշխատակիցները, այլև տարածաշրջանի բնակիչները»,- Ասել է Հայկ Ալոյանը:

«Լիդիան Արմենիա» ընկերության բուժծառայության ղեկավար Վիգեն Տատինցյանը նշում է, որ  Լիդիանում առողջության և անվտանգության պահանջները շատ խիստ են.

«Ընկերության նպատակն է հնարավորինս նվազեցնել պատահարների և աշխատանքային վնասվածքների ռիսկը: Ամուլսարում շինարարության սկզբից ի վեր ծանր վնասվածքներ չեն արձանագրվել, այդուհանդերձ պատասխանատու ընկերությունը միշտ պետք է պատրաստ լինի տարբեր իրավիճակների և Վայքի հիվանդանոցի վերազինումը հենց այդ նպատակն ունի: Բացի այդ, Լիդիանի օգնությամբ վերազինված հիվանդանոցը և վերապատրաստված բուժանձնակազմը ավելի լավ առողջապահական ծառայություններ կապահովի տեղի բնակչությանը»,- ասել է Վիգեն Տատինցյանը:

Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց «Լիդիան Արմենիա» ընկերությանը այս կարևոր ներդրման համար, շեշտելով, որ վերազինված բուժհաստատությունը կծառայի ամբողջ մարզի բնակչությանը: Պատասխանելով լրագրողների հարցերին, մարզպետը նաև կարևորեց Ամուլսարի ծրագրի դերը մարզում աշխատատեղեի ստեղծման և սոցիալ-տնտեսական առաջընթացի առումով: 

Լուսանկարներ