հետ

ՄՖԿ՝ Գեոթիմը կարող է օրինակ դառնալ այլ հանքարդյունաբերողների համար

Վերջերս հրապարակված հոդվածներից մեկում պատմել էինք հանքարդյունաբերությունում եւ շինարարությունում բնապահպանական եւ սոցիալական ռիսկերի նվազեցման այսօրվա լավագույն այլընտրանքի՝ ֆինանսական կազմակերպությունների կողմից կիրառվող ոլորտային մոտեցումների մասին, որոնք կիրառվում են ֆինանսավորվող նախագծերի բնապահպանական եւ սոցիալական ռիսկերի հայտնաբերման, որոշման, գնահատման, նվազեցման եւ կառավարման ժամանակ: 

Այս մոտեցումները կամ, այսպես կոչված, «էկվատորյան սկզբունքները», մեծապես հիմնված են Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) կատարողականի չափանիշների վրա եւ առաջադրվում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ հանքարդյունաբերությունում գործող ընկերություններին՝ որպես պահանջ ֆինանսավորման դիմաց: 

ՄՖԿ-ն Բրիտանական Lydian International-ի բաժնետերերից է, որի հայաստանյան դուստր Գեոթիմը պատրաստվում է շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը: 

ՄՖԿ-ի հանքարդյունաբերական ներդրումային նախագծերում բնապահպանական ու սոցիալական հարցերով մասնագետ Ռայմի Բելթրանը պատմել է Մեդիամաքս-ին ՄՖԿ-ի բնապահպանական եւ սոցիալական պահանջների մասին, ինչպես նաեւ այն մասին, թե ինչպե՞ս է կորպորացիան վերահսկում իր հաճախորդ ընկերություններին:   

- Որո՞նք են ՄՖԿ-ի կողմից հաճախորդ հանքարդյունաբերական ընկերություններին առաջադրվող բնապահպանական եւ սոցիալական պահանջները:

- Հավանաբար գիտեք, որ ՄՖԿ-ն ունի բնապահպանական եւ սոցիալական կատարողականի չափանիշներ, որոնք հանրային են եւ հիմնված են միջազգային լավագույն փորձի վրա: Մեր հաճախորդները, ներդրումներ ներգրավելու համար, պետք է որդեգրեն այդ սկզբունքները: Իհարկե, բնապահպանական եւ սոցիալական ռիսկերի կառավարումը կարող է չափվել ներդրումների մեծությամբ եւ աշխատանքների ծավալով: Նկատի ունեմ այն, որ հետախուզական աշխատանքների ժամանակ, երբ բնապահպանական եւ սոցիալական ռիսկերը դեռ զգալի չեն, մեր կողմից առաջադրվող պահանջները եւս տարբերվում են այն պահանջներից, որոնք առաջադրվում են գործող հանքին:  

Կատարողականի չափանիշների հիմքում ընկած է բնապահպանական, սոցիալական, առողջության եւ անվտանգության վրա ազդեցության պատշաճ գնահատականը եւ այս ազդեցությունը նվազագույնին հասցնելուն միտված անհրաժեշտ միջոցառումները:

Սա մեր բոլոր ներդրումների դիմաց առաջադրվող պահանջների ընդհանուր նկարագիրն է:

Ինչպես գիտեք, ՄՖԿ-ն Lydian International-ի բաժնետերերից է, որի հայաստանյան դուստր Գեոթիմը պատրաստվում է շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը: Այս եւ մյուս նախագծերում մեր ներգրավվածության պատճառն ամենեւին շահույթը չէ: Մենք զարգացման ինստիտուտ ենք, որի նպատակն է նպաստել զարգացող երկրներում տնտեսական աճին եւ տնտեսական հնարավորությունների ստեղծմանը: ՄՖԿ-ն ներգրավված է բազմաթիվ տարբեր ոլորտներում, որոնց թվում են վերականգնվող էներգետիկան, բանկային հատվածը, վերամշակող արդյունաբերությունը եւ հանքարդյունաբերությունը: 

Ամուլսարի նման նախագծերին մենք վերաբերվում ենք որպես հնարավորության՝ աջակցելու մի ծրագրի, որը երկարաժամկետ օգուտ կբերի երկրին՝ ստեղծելով հարկային եկամուտներ, աշխատատեղեր, ինչպես նաեւ սահմանելով հանքերի շահագործման լավ չափանիշներ:

Այս ամենը արվում է հստակ սոցիալական եւ բնապահպանական չափանիշների պահպանման հետ մեկտեղ զարգացում ապահովելու համար: Ինչպես արդեն նշեցի, մեր կատարողականի չափանիշները հիմնված են լավագույն միջազգային փորձի վրա, դրանք կիրառվում են նաեւ ավելի քան 70 «էվկատորյան» բանկերի կողմից:

- Ինչպե՞ս է ՄՖԿ-ն վերահսկում իր հաճախորդ ընկերություններին: Կա՞ արդյոք հավանականություն, որ նրանք դիմեն մեքենայությունների՝ գումար խնայելու համար:  

- Հաճախորդ ընկերությունների հետ աշխատելիս մեր շփումը չի սահմանափակվում ֆինանսական փաստաթղթերով` մենք իրականացնում ենք խիստ ստուգումներ եւ վերահսկողություն: Կախված նախագծի ռիսկայնությունից, մենք տեղում իրականացնում ենք տարեկան, կիսամյակային կամ եռամսյակային պարբերականությամբ ստուգումներ: Մեզ հետ աշխատող ընկերությունները տարեկան կտրվածքով պետք է ներկայացնեն բնապահպանական եւ սոցիալական ազդեցության վերաբերյալ հանգամանալից հաշվետվություններ:

- Այդուհանդերձ, արդյոք եղե՞լ են բնապահպանական առումով անհաջող նախագծեր՝ անգամ ՄՖԿ-ի կողմից վերահսկողության պարագայում: 

- Հանքարդյունաբերությունը բարդ ոլորտ է եւ մենք չենք կարող համոզված պնդել, որ մեր ներգրավվածությամբ բոլոր նախագծերում ամենինչ փայլուն է: Մեզ համար կարեւոր է գործընկեր ընկերություններում պատրաստակամություն տեսնել լավագույն չափանիշները որդեգրելու ու այսպես կոչված մշտական բարելավման ցիկլով աշխատելու առումով: Մեր աշխատանքի մի մասն է օգնել ընկերություններին հայտնաբերել առկա բոլոր թերացումները եւ միասին վերացնել դրանք: 

- Վերջերս կորպորացիայի ներկայացուցիչները այցելել են Ամուլսար: Ի՞նչ կարծիքի եք Գեոթիմի բնապահպանական եւ սոցիալական քաղաքականության վերաբերյալ:

- Մենք շարունակում ենք աջակցել ընկերությանը՝ լավագույն բնապահպանական եւ սոցիալական չափանիշների ներդրման գործում: Աջակցում ենք, որպեսզի հանքի կառուցման փուլը համապատասխանի մեր չափանիշներին, ինչպես նաեւ կատարվի մեր կատարողականի չափանիշներին համահունչ Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատում: Սա այն աշխատանքն է, որը պետք է իրականացվի ընկերության կողմից նախքան բուն հանքի շինարարությունը: Ինչ վերաբերում է ընկերության սոցիալական քաղաքականությանը, ապա մենք շատ ենք տպավորվել այն աշխատանքով, որը տարվել է Գեոթիմի կողմից ազդակիր համայնքներում: Սա վկայում է այն մասին, որ ընկերությունն ավելի քան հաստատակամ է տվյալ համայնքներում արդյունավետ նախագծերի իրագործման եւ կարողությունների զարգացման հարցում:

- Դուք ծնունդով Պերուից եք, որտեղ IFC-ն ներդրումներ է անում խոշորագույն հանքարդյունաբերական նախագծում: Կարո՞ղ եք անկեղծ ասել, կա՞ արդյոք իրական դրական տեղաշարժ հանքի հարեւանությամբ գտնվող համայնքների բնակիչների կյանքում՝ որպես հանքը շահագործողի սոցիալական քաղաքականության արդյունք:

- Հանքարդյունաբերությունն ընկած է Պերուի տնտեսական հաջողության հիմքում: Այն շատ կարեւոր ճյուղ է՝ երկրին եկամուտ ապահովելու առումով: 

Հանքարդյունաբերությունը մեր երկրում իրոք մեծապես նպաստում է տարածաշրջանային եւ համայնքային զարգացմանը: Այդուհանդերձ, այնտեղ եւս կան բնապահպանական եւ սոցիալական ռիսկեր, որոնք պետք է ուշադիր կառավարել: Պերույում կան բազմաթիվ հանքեր, որոնցից շատերի շահագործման դրական արդյունքները շոշափելի են:

- Հայաստանը եւս հանքարդյունաբերող երկիր է: Այս փոքր երկրում գործում են ավելի քան 600 հանքեր: Հանքարդյունաբերությունն ապահովում է Հայաստանի արտահանման ավելի քան կեսը եւ ՀՆԱ-ի շուրջ 5%-ը: Բայց, եթե անկեղծ լինենք, մեր երկրում շատ քիչ են դեպքերը, երբ հանքարդյունաբերությունն իրոք նպաստում է ազդակիր համայնքի զարգացմանը: 

- Ցավոք, ես տեղյակ չեմ Հայաստանի այլ հանքարդյունաբերական նախագծերից` առնչվել են միայն Ամուլսարի հետ, որտեղ այցելել եմ մի քանի անգամ:

Բայց, արձագանքելով ձեր դիտարկմանը, կասեմ, որ ընկերությունները պետք է սկսեն գիտակցել իրենց պատասխանատվությունը, պետք է հասկանան, որ տեղական համայնքների համար զարգացման հնարավորությունների ստեղծումը բխում է իրենց իսկ շահերից: Կարծում եմ, այդ ընկերությունների մենեջմենթը պետք է ուշադրության կենտրոնում պահի այն հարցը, որ զարգացման հնարավորություններն իրագործվեն նաեւ տեղական մակարդակում:

Կարծում եմ, շատ կարեւոր է, որպեսզի ընկերությունները լինեն պատասխանատու եւ ուշադիր մտածեն այն մասին, թե ինչպես են վերաբերվում տեղական համայնքներին: Վերցնենք Lydian-ը. անգամ գործունեության վաղ շրջանում իրենք արդեն ակտիվ քայլեր են ձեռնարկում տեղաբնակներին աշխատանքով ապահովելու, տեղական զարգացման ծրագրերին, դպրոցներին, հիվանդանոցներին եւ այլ հաստատություններին աջակցելու ուղղությամբ: Ահա թե ինչն ենք մենք անվանում պատասխանատու աշխատաոճ: Հուսով ենք, որ Գեոթիմը օրինակ կդառնա հայաստանյան այլ հանքարդյունաբերող ընկերությունների համար: 


Ռայմի Բելթրանի հետ զրուցել է Ռուբեն Հարությունյանը: 

/index.php?m=newsOne&lang=arm&nid=48